«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Դիվային խրախճանքների «կնքահայրը»

Դիվային խրախճանքների  «կնքահայրը»
29.10.2013 | 11:32

Այո՜, նամակը վերջակետ է դնում մեր հույսերին, թե, ի վերջո, կառավարության ղեկապետը օրերից մի օր կսթափվի և իր հեղինակավոր միջամտությամբ վերջակետ կդնի տարիներ շարունակ ձգվող դիվախաղերին։ Վերջակետը դրվեց օրեր առաջ, երբ ներքոնշյալ նամակը բայղուշի թևով խուժեց տունս, բազմեց գրասեղանիս։ Ի դեպ, դիմում-առաջարկս կառավարության փոստարկղ եմ «սուզել» 2013-ի ապրիլի 29-ին, պատասխանը ստացել եմ ճիշտ 163 օր անց, այսինքն, պետաիրավական նախարարական կոմիտեն 163 օր խնդիրը քննարկել է, դատել-բաղդատել է, հուզվել ու խորասուզվել է և թխել սույն անթթխմոր հացն ու մատուցում է մեզ։ Մեզ, այսպիսով, մի բան է մնում` գուցե հանրային շարժում ձևավորել, միաժամանակ խնդրի առնչությամբ դիմել ՀՀ օմբուդսմենին` դատարան հրավիրելու ՀՀ կառավարությանը։ Մի խոսքով, ներկայացնում եմ եռամյա նամակագրական տառապանքներիս հանգուցալուծումը` դիմում-առաջարկս և պատասխանը` կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանի վավերացմամբ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Հրավառությունների մասնակի դադարները, ինչպես պարզվեց, զուտ նախընտրական շոյանք էին, երկրի նախագահի և մայրաքաղաքի ավագանու ընտրություններից հետո դիվային խրախճանքները նոր թափ են առել։ Եվ ամենուր, բոլոր շքեղաշուք ռեստորաններում ու պանդոկներում ամենադղրդուն հրավառությունները կազմակերպվում են հենց կառավարության որոշ անդամների և առանձին պատգամավորների «կայֆերը» համեմելու նպատակով։ Միաժամանակ, ցանկացած բակում այսօր հրավառություն են կազմակերպում ցանկացած ժամի։
Մեզ մնում է նաև հուսալ, որ սույն գործընթացի կարգավորումն իր հովանու տակ կառնի հանրապետության նախագահը։ Իսկ ստորև ծանոթացեք դիմում-առաջարկիս բովանդակությանը։

ՀՀ վարչապետ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Երևանի Շիրազի 26 շենքի 72 բնակարանի բնակիչ, «Իրատես de facto» թերթի թղթակից
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՑ


Դիմում-առաջարկ

Հարգելի պարոն Սարգսյան, 2010-ից սկսած փորձում եմ հանրապետության վերադաս կառույցներին հասու դարձնել, որ հասարակության առողջության և արժանապատվության հաշվին գումարներ շահելը առնվազն բարոյական չէ։ Ավա՜ղ, ջանքերս առայժմ շոշափելի արդյունք չեն տվել, խնդիրը չի կարգավորվել օրենքի կամ կառավարական որոշման տեսքով։
2012-ի նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ ստանում եմ հետևյալ նամակը (թիվ 7/17. 1/5674-12), որից մեջբերում եմ առաջին պարբերությունը. «Հարգելի պարոն Առաքելյան, ի պատասխան ՀՀ նախագահ պարոն Ս. Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ պարոն Հ. Աբրահամյանին և ՀՀ վարչապետ պարոն Տ. Սարգսյանին ուղղված Ձեր դիմումի՝ հայտնում եմ, որ հրագործական նյութերի որակին, ներմուծմանը, վաճառքին և հրավառությունների կազմակերպմանը ներկայացվող պահանջների կարգավորման գործում խիստ շահագրգռված է նաև ՀՀ կառավարությունը»։
Այնուհետև նամակի հեղինակը (ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյան) հերթական անգամ «բացատրում» է, որ անհրաժեշտ է ՀՀ թվով 7 օրենքներում փոփոխություններ կատարել, ինչին էլ կոչված է ՀՀ կառավարությունում մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտեն, որը սույն հարցը քննարկել է դեռ 2012-ի հունիսի 28-ի նիստում։
Քննարկումները, ինչ խոսք, շարունակվում են։ Շարունակվում են մինչ օրս։
Հարգարժան պարոն Սարգսյան, սա, ի վերջո, ծաղր է հանդեպ հասարակության։ Ընդ որում, բավականին սարկաստիկ բնույթի, քանզի խնդիրը մեկ որոշմամբ կարգավորելու փոխարեն կառավարական առանձին կառույցներ այն փակուղի են տանում։
2011-ի դեկտեմբերին նույն Հ. Հակոբյանը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԻ նախարարի 2011 թվականի մայիսի 20-ի թիվ 63-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ ¥թվարկվում են թվով 6 նախարարություններ և Երևանի քաղաքապետարանը¤, որը... ուսումնասիրել է ՌԴ և եվրոպական երկրների փորձը, 7 օրենքներում մեծածավալ փոփոխություններ կատարելու նախագծեր պատրաստել և ներկայացրել ՀՀ կառավարության քննարկմանը։ Այսինքն, քննարկում ենք, մշակում և խորհում` ողջ հանրապետությունը թողնելով դիվային զվարճանքի ճիրաններում։ Ձեզ պետք է նաև հայտնի լինի, որ Ամանորի տոներին մեծ քանակությամբ պայթուցիկներ են ներկրվում հանրապետություն, և հրավառություններին գումարվում է տոնական այս դիվադադարը ևս։ Հասկանալի է, որ որոշ գործամոլներ այս ամենում գերշահույթներ են ապահովում։ Անհասկանալի է հայրենի կառավարության դիրքորոշումը, որը, ներող եղեք, սակայն բացահայտորեն սպասարկում է դիվահար այս նյութերի ներկրումից, վաճառքից և գործածումից գումարներ կորզողների շահերը, զուգահեռաբար ոտնատակ տալով հայ հանրության արժանապատվությունն ու առողջությունը։
Թույլ տվեք այժմ մի փոքր շրջայց կատարել առողջապահական թեմայով։
Համաձայն միջազգային չափորոշիչների՝ աշխատող փոշեծծիչը 80 դեցիբել աղմուկ է առաջացնում, ռոք խմբի համերգը` 100 դբ, ամպրոպի որոտը` 110 դբ, զենքի կրակոցն արդեն 120 դբ։ Հանրածանոթ է նաև հետևյալը` ծովերի ընդերքում կատարվող պայթյուններից հետո կետազգիներն ու դելֆինները կորցնում են հավասարակշռությունը, ափ են նետվում և ինքնասպանություն գործում։ 140 դբ աղմուկի դեպքում մարդը կոնտուզիայի է ենթարկվում, 160-ի պարագայում էլ` վախճանվում։

Հրավառությունները կազմակերպվում են զվարճավայրերում, որոնք անմիջապես մերձ են բնակավայրերին։ Բնակությանս վայրից առնվազն 2-3 կմ հեռավորության վրա են Զանգվի ձորում տեղակայված պանդոկները։ Նույնքան հեռու են «ՈՒռենի», «Լաթար» և այլ հյուրատները։ Հրավառությունների անմարդկային դղրդոցը խանգարում է, շփոթեցնում, հուսահատության մատնում։ Իսկ ինչ վիճակում են հրավառությանն անմիջապես մերձ գտնվող մարդիկ, այդ թվում` մանուկները, ծերերն ու հիվանդները։ Դուք, խնդրում եմ, ՀՀ կառավարությունում մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտեի կազմով հանդերձ ներկա գտնվեք հրավառությանը որևէ ռեստորանի կամ պանդոկի հարևանությամբ, այնուհետև հիացեք այս ամենով 1-5 կմ հեռավորությունից։

2012-ին մի խումբ մտավորականներով բաց նամակ հղեցինք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հրավառությունների քանակը, լինեմ անկեղծ, նվազել է, որակը` աճել։ Այժմ հրավառություններ են կազմակերպվում շաբաթը մեկ անգամ պարբերությամբ ¥նախկինում այն կազմակերպվում էր ամեն օր¤, սակայն 3-5 րոպե տևողությամբ և մեծ շուքով, ասես պետական տոն է։
Այս խնդրի վերաբերյալ եղել են բազմաթիվ հրապարակումներ, այն կարգավորելու փոխարեն մեր ուղեղներն են լվանում «խորիմաստ անհեթեթություններով», որոնք ստացվել են ՀՀ ֆինանսների, արտակարգ իրավիճակների նախարարություններից, ՀՀ ոստիկանությունից, Երևանի քաղաքապետարանից։ Այս ամենը մղում է մեկ ենթադրության` շահութաբեր այս գործունեության մշտականությամբ խիստ շահագրգռված են պատկան-պետական կառույցները։ Ինչից ելնելով էլ ուղղակի արգելել են ՀՀ ոստիկանությանը կանխարգելել հրավառություններն ու պայթուցիկային զվարճանքը։ Բայց չէ՞ որ ոստիկանությունը լիազորված է և պարտավոր է «Ոստիկանության մասին» օրենքի սահմաններում ապահովել հանրային անդորրը։
Զուգահեռաբար ոտն ի գլուխ անտեսվում է «Լռության մասին» ՀՀ օրենքը։
Վերջնարդյունքում էլ անարգանքի է ենթարկվում նորանկախ հայ հասարակությունը։
Այսպիսով, հասարակության խնդրանքը, ի դեմս սույն նամակի, լուծել թնջուկը, կառավարության որոշակի որոշմամբ կտրականապես արգելել հրագործական որևէ ապրանքի ներկրումը, վաճառքն ու գործածումը։
Հարգարժան վարչապետ, Ձեզնից սպասում ենք խնդրի վերջնական լուծում։
Ձեր պատասխանը, բնականաբար, կթելադրի մեր հետագա քայլերը։


30.04.2013 թ.
Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2848

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ